Կյանքից հեռացավ կինոյի և հեռուստատեսության վարպետներից մեկը` ճանաչված ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ ՀԵՆՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
Նա ապրեց երկար կյանք` լի գեղեցիկ պահերով, դժվարություններով, տառապանքով։ Մինչև կյանքի վերջը նա պայքարեց, որ գործի ու նոր դերասանական կադրեր տա «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիան, որն ինքն էր ստեղծել 1967-ին։ Սակայն վերջերս այդ շենքը` հին կինոստուդիայի շենքը Տերյան փողոցում, քանդեցին։ Իսկ այդ շենքը հայկական կինոյի պատմությունն էր, այստեղ էին նկարահանվել հայ կինոյի գլուխգործոցները, այստեղ կարելի էր տեսնել հայաստանյան կինոյի մեծ վարպետներին` ռեժիսորների, օպերատորների, դերասանների...
Ըստ երևույթին, երևանյան այդ հին շենքը չէր կարող գոյատևել «նոր հայերի» էլիտար բարձրահարկերի կողքին։
Այսօր չկա հին կինոստուդիայի շենքը, որը Հենրիկ Մարգարյանի երկրորդ տունն էր, այսօր չկա ինքը` ռեժիսորը։
Հենրիկ Մարգարյանի հետ աշխատել եմ հեռուստաթատրոնում։ Մինչ հեռուստաթատրոն տեղափոխվելը նա եղել էր հեռուստատեսության ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Բազմաթիվ հեռուստաներկայացումների բեմադրիչ էր, բեմադրություններ էր արել և իմ ղեկավարած բաժնում` «Մանրապատումների թատրոնում»։
Պրոֆեսիոնալ էր, աշխատանքի պահին խիստ և պահանջկոտ, կենսախինդ էր և նուրբ հումոր ուներ` գյումրեցի էր։
Հենրիկ Մարգարյանն ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Նրա ուսուցիչն էր Լևոն Քալանթարը։
«Հայֆիլմ» կինոստուդիայում է սկիզբ առել նրա ստեղծագործական ուղին։ Նկարահանել է կինոժուռնալներ, վավերագրական կինոնկարներ։
Առաջին գեղարվեստական կինոնկարը, որ ստեղծեց Հենրիկ Մարգարյանը` «Նվագախմբի տղաները» (Հենրիկ Մալյանի հետ), նրան մեծ ճանաչում բերեց։ Կարելի է ասել` ամենաժողովրդական հայկական ֆիլմն է, որը մինչ այսօր ցուցադրվում է տարբեր հեռուստաալիքներով, սիրված է և սպասված։
Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» ֆիլմը միակ հայկական գեղարվեստական կինոնկարն է, որ ցուցադրվել է Կաննի միջազգային փառատոնում (1967 թ.)։ Ականավոր սովետական կինոռեժիսոր Սերգեյ Գերասիմովը գրել է, որ երբ ավարտվել է «Տերտերին ուխտը», ժյուրիի անդամները, հանդիսատեսը հոտնկայս, բուռն ծափահարություններով են ընդունել ֆիլմը։
Հենրիկ Մարգարյանը նկարահանել է նաև «Գիշերը` բաժանված չորսի», «Կարծր ապար», «Երևան-2750», «Հեղկոմի նախագահը», «Խաչմերուկ», «Հող և ոսկի», «Երկնագույն առյուծ» գեղարվեստական, «Ծաղրածուն», «Բարեկենդանը», «Փախստականները» կարճամետրաժ կինոնկարները։
Իմ «Օթյակ» հեռուստատեսային հեղինակային շարքում Հենրիկ Մարգարյանի ստեղծագործությանն անդրադարձել եմ երկու անգամ։ Առաջին հաղորդումը նվիրված էր «Նվագախմբի տղաները» ֆիլմին։ Ահա թե ինչ պատմեց ռեժիսորը։
-Ես և իմ մտերիմ ընկեր, լավ բարեկամ Հենրիկ Մալյանն աշխատանքի ուղեգիր ստացանք «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Մեզ ընդունեց ստուդիայի տնօրեն Մխիթար Դավթյանը։ Նա շատ ուշադիր էր երիտասարդ կադրերի նկատմամբ։ «Լևոն Քալանթարի սաներին ես կընդունեմ անվերապահորեն»,- ասաց նա։ Եվ մեզ ընդունեցին ռեժիսորի օգնականի հաստիքով։ Երկուսս էլ զարմացանք. չէ՞ որ մենք կարմիր դիպլոմով էինք ավարտել ինստիտուտը և համոզված էինք, որ մեզ կհատկացնեն ռեժիսորի հաստիք։
Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ որոշումը ճիշտ էր։ Մենք մասնակցում էինք վավերագրական կինոնկարների նկարահանումներին, սյուժեներ էինք նկարում կինոժուռնալների համար։ Այդ տարիներին բոլոր կինոթատրոններում սեանսից առաջ պարտադիր ցուցադրվում էին կինոժուռնալներ։ Եվ մենք հպարտանում էինք, երբ էկրանին տեսնում էինք մեր սյուժեները։
Մենք փորձ ձեռք բերեցինք, կինոն զգացինք մեր մաշկի վրա։
Այսօր կարծես թե ամեն ինչ հեշտացել է, այնքան շատ ռեժիսոր կա։ Ավարտում են ինստիտուտը, ստանում են դիպլոմ ու իրենց համարում են կայացած ռեժիսոր, չհասկանալով կինոյի պահանջները, կինոյի կարևորությունը։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք ոչ թե կինո, այլ սուռոգատ։ Շատ ցավալի է...
Անցավ բավականին ժամանակ և Մխիթար Դավթյանն ինձ ու Մալյանին հրավիրեց իր մոտ։ Նա իր գոհունակությունը հայտնեց մեր աշխատանքի համար, ապա ասաց. «Ես առաջարկում եմ երկուսիդ մի ֆիլմ նկարել։ Ցավոք, ստուդիան հնարավորություն չունի յուրաքանչյուրիդ ֆիլմ առաջարկելու, կաշխատեք միասին։ Գնացեք, մտածեք, ինչ եք նկարելու»։
Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։ Սկսեցինք փնտրել։ Ահավոր քանակի գրականություն ընթերցեցինք և վերջապես կանգ առանք Միքայել Շաթիրյանի «Նորից եկավ գարունը» պատմվածքի վրա։
Դիմեցինք Շաթիրյանին, նա գրեց սցենարը, ստուդիան այն ընդունեց։ Մեր առջև պատվավոր խնդիր դրվեց. ֆիլմը նվիրվելու էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին։
Այսօր բոլորն ասում են` ֆիլմում փայլուն դերասանական անսամբլ է։ Բայց մեզ համար դերաբաշխումը բարդ էր։ Դերասանները, որ խաղացին ֆիլմում ու այսօր հիրավի համարվում են աստղեր, այն ժամանակ դեռ ճանաչված չէին։
Եվ մենք սկսեցինք ինտենսիվ փորձերը։ Դերասանները հաճույքով էին փորձում։ Լավ մթնոլորտ էր տիրում և՛ փորձերին, և՛ նկարահանման հրապարակում։ Տղաները կատակասեր էին, հումորով լի...
Ֆիլմի օպերատորն էր Իվան Դիլդարյանը, կոմպոզիտորը` Գևորգ Արմենյանը։
Ահա ֆիլմը պատրաստ է, և այն դիտում են հանրապետության ղեկավարները։ Մեծ կարևորություն էին տալիս մեր ղեկավարները կինոյին։ Ֆիլմն ընդունվեց, և պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Մենք շատ հուզված էինք։ Գաղտնի մտանք դահլիճ։ Հանդիսատեսի ռեակցիան բուռն էր, այսինքն` ֆիլմն արդեն ժողովրդինն էր։ Երբ ֆիլմն ավարտվեց, հնչեցին բուռն ծափահարություններ։ Նման բաներ այն ժամանակ կինոթատրոններում չէին լինում։
Եվ սկսվեց ֆիլմի հաղթական երթը։ Բացի ԱՄՆ-ից, բոլոր երկրները գնեցին «Նվագախմբի տղաները»։ Իսկ Չինաստանում այն մատուցվում էր որպես հայրենասիրական դաս։
Կան ֆիլմեր, որ երբեք չեն ծերանում և միշտ հաճույք են պատճառում հանդիսատեսին։ Այդպիսի ֆիլմերից է «Նվագախմբի տղաները», որի հաղթարշավը սկսվեց 1960-ին և շարունակվում է մինչ օրս։
Իմ հաջորդ հանդիպումը Հենրիկ Մարգարյանի հետ «Օթյակում» տեղի ունեցավ 2007 թվականին։ Ռեժիսորը խորհում էր կինոարվեստի անցյալի, ներկայի և ապագայի մասին։
-Կինոդերասանի ստուդիայի շենքը միակն է, որ հիշեցնում է նախկին «Հայֆիլմը»։ Այստեղ սովորում են տաղանդավոր աղջիկներ ու տղաներ, ովքեր նվիրված են արվեստին, կինոյին։ Մեր շրջանավարտներից շատերն այսօր նկարահանվում են ֆիլմերում, հանդես են գալիս տարբեր թատրոններում։
Կան շրջանավարտներ, ովքեր այսօր արարում ու ստեղծագործում են ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Մերձավոր Արևելքում։ Ես հպարտանում եմ նրանցով։ Ի դեպ, բացի դերասան լինելուց, նրանք զբաղվում են և ռեժիսուրայով։
Հենրիկ Մարգարյանի մանկավարժական գործունեությունը բարձր են գնահատել Սերգեյ Գերասիմովը, ճանաչված այլ կինեմատոգրաֆիստներ։
-Այստեղ, Տերյանի վրա, մենք հաճախ էինք տեսնում հայկական կինոյի մեծերին` փառավոր Համո Բեկնազարյանին, Ամասիա Մարտիրոսյանին, Իվան Պերեստիանիին... Մենք` երիտասարդներս, նրանցից էինք սովորում աշխատել, հասկանալ կինոն, սիրել կինոն, սովորում էինք ապրել... Ոգեղենություն կար։ Այսօր արժեքները փոխվել են։
Մեր կինոն 60-ականներից մեծ վերելք ապրեց։ Հայկական ֆիլմերը մեծ հաջողությամբ ցուցադրվում էին նախկին Միության տարբեր քաղաքներում։
Իսկ իմ լավ բարեկամ և գործընկեր Հենրիկ Մալյանը մեր կինոն դուրս բերեց համաշխարհային ասպարեզ։ Նույնը արեց նաև Ֆրունզե Դովլաթյանը։ Այդ ֆիլմերը համամարդկային էին ազգային հենքի վրա։
Այսօր հեռուստատեսությամբ ցուցադրվում են ցածրորակ ամերիկյան ֆիլմեր։ Լավագույն ֆիլմերը չեն պրոպագանդվում։ Եվ դա մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա, իջնում է ժողովրդի մակարդակը։ Շատ ենք խոսում մեր ազատագրական շարժման մասին, հերոսների մասին, բայց ֆիդայիների մասին ֆիլմ չունենք։
Հեռուստատեսությունն այսօր չունի պրոֆեսիոնալ ռեժիսորներ։ Թե՛ հաղորդումները, թե՛ գովազդը շատ տխուր են։ Այնպիսի տպավորություն է, թե ռեժիսորը չի հասկանում ինչ է անում։
Իսկ հաղորդավարները... Վարողն իր կարծիքն է փաթաթում զրուցակցին, խոսում է, կներեք, փողոցային, քուչի լեզվով, որակ չկա։ Հաղորդավարը չի տիրապետում մասնագիտությանը, պրոֆեսիոնալ չէ։ Իսկ հեռուստատեսության պատասխանատվությունը շատ մեծ է, լսարանը` նույնպես։ Այդպես իջնում է հանդիսատեսի մակարդակը։
Վաճառեցին «Հայֆիլմը»։ Ինչպե՞ս... Ախր ես էլ մաս ունեի... Վաճառեցին կինոթատրոնները։ Մեկում ավտոյի խանութ է, մյուսում` տոնավաճառ, իսկ երրորդում` նույնիսկ... խաշարան։
Մի՞թե չեն հասկանում, որ առանց կինոյի մենք չենք կարող ներկայանալ աշխարհին։
Բայց, կարծում եմ, այդպես չի մնալու. կինոստուդիա կունենանք, վերածնվելու է հայկական կինոն...
Համոզված ենք, որ մեծ ռեժիսորի երազանքը մի օր կկատարվի, ու վերևից նա հնարավորություն կունենա տեսնելու վերածնված «Հայֆիլմը»։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ